Լեստերի համալսարանի հնագետների թիմը Գորշ եղբայրների վանական համալիրի ավերակներում քարե սարկոֆագ է հայտնաբերել: Երբ այն բացել են, պարզվել է ներսում եւս մեկ դագաղ կա` կապարից: Ավելի վաղ, 2012թ. սեպտեմբերին, նույն վայրում միջնադարյան բրիտանական արքա Ռիչարդ III-ի աճյունն էր հայտնաբերվել:
Ենթադրվում է, որ «դագաղը դագաղի մեջ է» թաղվել XIII կամ XIV դարերում, այսինքն Ռիչարդ 3-րդի մահվանից գրեթե մեկ դար առաջ, հաղորդում է « Vesti.ru»-ն:
Մասնագետները ներսի դագաղը կտեղափոխեն Հնագիտության եւ հնագույն պատմության համալսարանական դպրոց` այն բացելու համար: Դագաղի երկարությունը 2,12 մետր է, լայնությունը` 0,6 մետր, գլխի եւ ոտքերի մասում` 0,3 մետր: Կապարե դագաղը, վրան խաչի պատկերով, բավականին լավ է պահպանվել:
Հնարավոր «հանգուցյալների» թվում նշվում են Գորշ եղբայրների ուխտի առաջնորդ Փիթեր Սվինսֆելդը, որը մահացել է 1272թ-ին եւ Ուիլյամ Նոթինգհեմը, որը զոհվել է 1330թ-թ-ին: Նշվում է նաեւ, որ այդ վայրում լայնորեն տարածված են եղել անանուն հուղարկավորությունները:





























