Հոնդուրասում տարածվող դենգե համաճարակի պատճառով իշխանությունները երեքշաբթի արտակարգ դրություն են հայտարարել, հայտնում են լատինաամերիկյան լրատվամիջոցները: 

Վճիռը կայացվել է կառավարության նիստում` երկրի նախագահ Պորֆիրիո Լոբոյի ղեկավարությամբ: Ըստ պաշտոնական տվյալների` տարվա սկզբից  համաճարակը խլել է 16 մարդու կյանք, 14 հազարն էլ վարակվել էին այդ վտանգավոր հիվանդությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է պայքար հիվանդությունը տարածող մոծակների դեմ: 2012թ. այդ համաճարակի պատճառով Հոնդուրասում երկու մարդ էր մահացել, մինչդեռ մեկ տարի առաջ հիվանդության ոչ մի դեպք գրանցված չէր եղել: Այդ հիվանդությունից մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել  են 2010թ., երբ մահացել էր 83 մարդ: 

Դենգե համաճարակը սուր վարակիչ հիվանդություն է: Այն Լատինական Ամերիկա էր ներթափանցել 19-րդ  դարում` Ասիայից ներգաղթածներից: Ամեն տարի հիվանդությունը խլում է հազարավոր մարդկանց կյանք: