Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման 2013 թվականի ծրագրի շրջանակում իրականացվում են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգման անհրաժեշտություն ունեցող հաշվառված պատշգամբներից այս տարվա ծրագրով առաջնահերթ վերանորոգվում է առավել վթարավտանգ 76 շքապատշգամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե շքապատշգամբների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են «Երեւաննախագիծ»  ՓԲԸ-ի կողմից նախապես մշակված նախագծերի հիման վրա` պահպանելով երեւանյան շենքերին համահունչ ընդհանուր ճարտարապետական տեսքն ու դիմագիծը:

Ծրագիրը  շարունակական է  եւ վերանորոգման կարիք ունեցող հաշվառված բոլոր շքապատշգամբները վերանորոգվելու են:

Նշենք, որ, ըստ էության, պատշգամբները բնակիչների սեփականությունն են եւ դրանց հետ կապված խնդիրների լուծումը սեփականատերը եւ համատիրությունները պետք է հոգան, սակայն, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրը կյանքի է կոչվում Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում: