Հայտնի է, որ գյուղատնտեսական ոլորտի վարկավորումը Հայաստանում hամարվում է ռիսկային, սակայն այդ ռիսկայնությունն արհեստականորեն ավելացնում են 2-3 խոշոր բանկեր՝ իրենց գործելաոճով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են գյուղմթերք արտադրող ընկերություններից մի քանիսի ներկայացուցիչները՝ նշելով, որ իրենց չի հաջողվում վարկեր ստանալ:

Նրանց խոսքով՝ այդ 2-3 բանկերը մի քանի անգամ մերժել են իրենց վարկային հայտերը՝ այն հիմնավորմամբ, որ 2013 թ. գյուղվարկերի պորտֆելն արդեն ամբողջությամբ բաշխվել է: Հետո էլ իրենք իմացել են, որ վարկառուների թվում են եղել նորաստեղծ, բառացիորեն մեկ-երկու ամսվա ձեռնարկություններ, որոնք չունեին արտադրական եւ վարկային պատմություն: Այդ օտարահունչ անուններով կազմակերպությունները ներկայացնում են կեղծ բիզնես-ծրագրեր, որոնցով վարկեր են «փախցնում» իրական արտադրողներից, այն էլ՝ ոչ առանց շահագրգռվածության թե՛ բանկի, թե՛  իրենց համար:

Փաստորեն, նշված վարկերով նորաստեղծ ընկերությունները գրեթե գործունեություն չեն ծավալում, հետեւաբար՝ ըստ գրաֆիկի վարկը չեն մարում եւ ընկերությունը տանում ձեւական սնանկության: Իսկ բանկի ղեկավարությունը կանխավ գիտի, թե որ վարկերն են ձեւակերպելու անհուսալի՝ իբրեւ գյուղատնտեսական եւ ռիսկային:

Պատահական չէ, որ Հայաստանի բանկային համակարգի՝ գյուղատնտեսական ոլորտի վարկային պորտֆելում անհուսալի (մեկ տարուց ավելի չմարվող) վարկերը կազմում են շուրջ 2.5%: Բացառված չէ, որ այդ ցուցանիշի մի մասի տակ բանկերը տեղավորում են հենց այդպիսի «պայմանագրային» վարկերը:

Կարծում ենք, ավելորդ չի լինի, որպեսզի բանկերը, կոռուպցիոն ռիսկերը փոքրացնելու համար, վարկային հայտը հաստատելու համար պահանջեն նաեւ բիզնես-ծրագրի փորձագիտական եզրակացություններ մասնագիտացված կառույցներից կամ ճյուղային միություններից: Բանկի համար դժվար չի լինի պարզել, թե արդյոք այդ կառույցները կապակցվա՞ծ են այս կամ այն ընկերության հետ, պատրա՞ստ են հարցականի տակ դնել իրենց հեղինակությունը:

Արամ Գարեգինյան