«Ժամանակն»  արդեն քանի օր է` տարբեր աղբյուրներից տեղեկանում է, որ Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը, ով քաղաքապետ Սամվել Դարբինյանի հորեղբոր որդին է, ազատման դիմում է ներկայացրել քաղաքապետարան:

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նույն աղբյուրների փոխանցմամբ` պաշտոնից ազատվելու պատճառն իբր այն է, որ Վիկտոր Դարբինյանը քաղաքապետարանից «ինֆորմացիա է դուրս տալիս», ինչի հիման վրա պարբերաբար հոդվածներ են հայտնվում մամուլում: Փորձեցինք տեղեկության իսկությունը ճշտել անձամբ Վիկտոր Դարբինյանից, բայց նա անհասանելի էր:

Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանն էլ մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց. «Ինչ տեղեկատվություն որ լինում է, մենք մեր կայքէջում տեղադրում ենք: Հետևեք, կիմանաք»: Ճշգրտող հարցին, թե այսինքն չի՞ հերիքում տեղեկությունը, նա պատասխանեց. «Ես ասում եմ՝ հետևեք մեր պաշտոնական կայքէջին ու հեռախոսով աշխատեք քիչ հարցեր տաք սրանից հետո»»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):