2012թ-ին Հյուսիս-հարավ ավտոմայրուղու վրա շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 1,54 մլրդ դրամ: Այս մասին ասվում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությանը կից ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի հաշվետվության մեջ:
405,2 մլն դրամը ծախսվել է խորհրդատվական ծառայությունների, 129,9 մլն դրամը` ծրագրի կառավարման աջակցության համար:
Ծրագիրը նաեւ նախատեսում է բնակչության վերաբնակեցում, որոնց անշարժ գույքը գտնվում է ճանապարհային գոտում: Այդ նպատակի համար ծախսվել է 101,7 մլն դրևամ: 2012թ. ծրագրի բոլոր ծախսերը կազմել են 2,59 մլրդ դրամ:
Ասիական զարգացման բանկի կողմից ստացված ֆինանսավորումը կազմել է 7,461 մլրդ դրամ, կառավարության համաֆինանսավորումը` 256,1 մլն, քաղաքացիների վերաբնակեցման միջոցները` 273 մլրդ դրամ: Հիմնական միջոցների ծավալը տարեվերջին կազմել է 7,478 մլրդ դրամ:
Ինչպես նշվում է2013 թ. մայիսին ծրագրի վերաբերյալ հուշագրում, ճանապարհի լայնացման եւ Երեւան- Աշտարակ հատվածի բետոնապատումը ուշացել են 2 – 3 ամսով: Այդ աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 2013թ. նոյեմբեր: Բացահայտվել են նաեւ որակի հարցում թերություններ: Շինարարության մասնակիցները (խորհրդատուն ֆրանսիական SAFEGE ընկերությունն է, կապալառուն` իսպանական Corsan Cօrviam-ը) պատրաստակամություն են հայտնել բարելավել իրականացվող աշխատանքները:
Հյուսիս- հարավ ավտոմայրուղու ընդհանուր արժեքը գնահատվում է 967 մլն դոլար, որից 500 միլիոնը պատրաստվում է հատկացնել Ասիական զարգացման բանկը, մյուս մասը կկազմի կառավարության համաֆինանսավորումն ու այլ աղբյրուրներից միջոցները: Ներկայումս իրականացվում են առաջին տրանշով նախատեսված աշխատանքները` Երեւան-Արարատ եւ Երեւան- Թալին հատվածներում:





























