Մեր ազգը, մեր թատրոնը կորցրեց իր լավագույն ակնաքարերից մեկին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայկական ներկապնակ» փառատոնի նախագահ Գագիկ Ավետիսյանը՝ խոսելով սիրված դերասան Ազատ Գասպարյանի մասին։
Գագիկ Ավետիսյանը նշեց, որ Ազատ Գասպարյանին գեղանկարիչները սիրում էին ոչ միայն նրա կերտած բազմաթիվ սիրելի հերոսների համար. «Վերջին երկու-երեք տարիներին նա, որպես կանոն, ներկա էր մեր բոլոր քսանից ավելի ցուցահանդեսներին Հայաստանի նկարիչների միությունում»:
Քանդակագործ Գեւորգ Հարությունյանը նկատեց, որ Ազատ Գասպարյանի մակարդակի արտիստներ այսօր դժվար է գտնել։
«Նա իմ ամենասիրելի դերասաններից էր, դասական դերասանական դպրոցի ներկայացուցիչ: Չգիտեմ՝ արդյոք մեր օրերում կան այդ մակարդակի արտիստներ: Դժվարանում եմ որեւէ մեկին համեմատել նրա հետ: Բոլորս հիշում ենք նրա փայլուն խաղը «Երջանկության մեխանիկա», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերում: Նա հոյակապ դերասան էր: Ափսոս, շատ ափսոս», - ասաց նա:
Նկարիչ եւ քանդակագործ Տիգրան Յուխանյանի կարծիքով՝ Հայաստանը կորցրեց իր կինոյի եւ թատրոնի ամենափայլուն աստղերից մեկին:
«Իր շարժուն, էմոցիոնալ, բայց եւ թախծոտ խառնվածքով նա գրավում էր հանդիսատեսին առաջին հայացքից: Եթե նույնիսկ փորձենք պատկերացնել Ազատ Գասպարյանի մասնակցությամբ ֆիլմերը եւ ներկայացումները առանց նրա, այդ գործերը դառնում են անշուք, կորցնում են իրենց ուրույն փայլը: Ցավակցում եմ մեր ամբողջ հայ ազգին», - ասաց Յուխանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը մահացել է այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում: Օգոստոսի 13-ին նա կդառնար 70 տարեկան։





























