Տավուշի մարզում կարանտին է հայտարարվել խոզի աֆրիկյան ժանտախտի պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց մարզպետարանի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի տնօրեն Վահան Կարապետյանը: Նա հաստատել է, որ հուլիսի կեսերին մարզում հիվանդության բռնկումներ են եղել, իսկ հուլիսի 19-ին գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժանտախտի եզրակացություն է տվել:
«Արդյունքում 20 գյուղերում անորոշ ժամանակով կարանտին է հայտարարվել, մինչեւ մասնագետներն ավարտեն սանիտարական աշխատանքները»,-պարզաբանեց Կարապետյանը:
Վարակը չի տարածվել ողջ մարզում: Այսպես, Նոյեմբերյանի Վերդավան եւ դրան հարեւան գյուղերում այս պահին վարակ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին այդ գյուղի բնակիչները: Վարակի պատճառն, ըստ Կարապետյանի, կարող է լինել հին խնդիրը՝ խոզերի գտնվելը անտառներում, որըեղ վարակը շատ երկար պահպանվում է, այդ թվում նախկին բռնկումներից հետո (23008 թվականին):
«Մենք խորհուրդ ենք տալիս խոզերին չպահել նման ռեժիմով, բայց հասկանում ենք, որ գյուղացիները չեն կարող ողջ տարին խոզերին պահել փակի տակ: Այդքան կեր հայթայթելը նրանց ուժերից վեր է, դրա համար էլ խնդիրը մնում է»,-ասաց Կարապետյանը:
Խոզի աֆրիկյան ժանտախտը մարդու համար վտանգավոր չէ, բայց անբուժելի է խոզերի համար: Այդ հիվանդության դեմ պայքարի միակ միջոցը մնում է կարանտինն ու բոլոր հիվանդ ու կասկածելի կենդանիների մորթը:





























