Թուրքիայում «Էրգենեկոնի» կողմից պետական հեղաշրջման փորձի  գործով վերջին նիստը փակ կլինի, դատարանի  շենքի դիմաց ցանկացած ակցիա ապօրինի կհամարվի, լրագրողներին հայտնել է Ստաբուլի նահանգապետ Հյուսեյն Ավնի Մութլուն։

«Էրգենեկոնը» գաղտնի ուլտրաազգային կազմակերպություն է, որը 2003թ. Թուրքիայում պետհեղաշրջման փորձ կատարելու մեջ է մեղադրվում։

«Էրգենեկոնի» գործում մոտ 400 մարդ է ներգրավված՝ քաղաքական եւ հասարակական գործիչներ, փաստաբաններ, դասախոսներ, պաշտոնաթող եւ գործող ռազմական ոստիկաններ։ Նրանց նկատմամբ դատը շարունակվում է 2007թ.-ից;

Ընդդիմությունը սկզբում «Էրգենեկոնի» գործը «կախարդների որս» էր անվանել՝ իշխանություններին կեղծիքների մեջ մեղադրելով։ Թայիփ Էրդողանի կառավարությունը ժխտում է մեղադրանքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Իշխանությունները նման քայլեր են ձեռնարկել այն բանից հետո,երբ «Էրգենեկոնի» գործով ապրիլի 8-ի նիստի ընթացքում ոստիկանները ջրցաններով եւ արցունքաբեր գազով ցրել էին դատարանի դիմաց հավաքված ցուցարարներին։