Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Գյումրի քաղաքի ավագ դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու փաստի առթիվ:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ավագ դպրոցի տնօրենը 2011-2012թթ. ընթացքում 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների չորս անուն դասագրքերի վաճառքի արդյունքում աշակերտներից հավաքագրված խոշոր չափի` 2 729 430 դրամ գումարը «Դասագրքերի, դասամտյանի իրացումից մուտքեր» պետական գանձապետական հաշվեհամարին չի մուտքագրել:Տնօրենը, իր լիազորությունների շրջանում օժտված լինելով վերահսկողություն իրականացնելու հանրակրթկան դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, համակարգելու եւ հսկելու մանկավարժական եւ այլ աշխատողների աշխատանքը, ապահովելու բյուջետային հատկացումների արդյունավետ տնօրինումը, վերոնշյալ գումարը, ըստ նախաքննության նյութերի, օգտագործելով անձնական կարիքների համար, յուրացման եղանակով հափշտակել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ն եւ 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին: