Աստրախանի եւ Նովոռոսիյսկի մարզերի հայկական կազմակերպությունները պետք է հսկողության տակ վերցնեն հայ ծառայակցի վրա ադրբեջանցի զինվորի հարձակման դեպքը եւ հասնեն հանցագործի պատժին: Այս մասին գրում է  Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել 2013թ. հուլիսի 30-ին՝ Աստրախանի մարզի Զնամենսկի 48315 զորամասում: Ադրբեջանցի զինվոր  (ութ ամիս ծառայության մեջ գտնվող) Էմիլ Աբդուլայեւը հարձակվել է նորակոչիկ հայ Ժան Մերոյանի վրա:  Հարձակումը կատարվել է զուգարանում, ադրբեջանցին սկզբում ուսով հրել է հային, իսկ հետո ի պատասխան Մերոյանի հարցին, թե ինչու այդպես վարվեց, հանկարծակի հարձակվել է վերջինիս վրա եւ կոտրել երիտասարդի ծնոտը:

Ժան Արմենակի Մերոյանը ծնվել է 1993թ. ապրիլի 29-ին Բաթումում: նույն տարի տեղափոխվել է Նովոռոսիյսկ: 2013թ. հուլիսի 6-ին զորակոչվել է ռուսական բանակ եւ պետք է ծառայեր Աստրախանի մարզում, սակայն հասցրել էր միայն երդում տալ: Ըստ Ժանի պապ Ալբերտ Դովլաթյանի, որը տվյալ միջադեպի մասին խոսել է զորամասի հրամանատար Սերգեյ Նովոսելովի հետ, Էմիլ Աբդուլայեւը ձերբակալվել է զինդատախազության կողմից, եւ ներկայումս կատարվում է քննություն:  Տվյալ միջադեպը հրամանատարության ուշադրությունից չի վրիպել, սակայն հայտնի է, որ ադրբեջանցուն կարող են պարզապես այլ զորամաս տեղափոխել, ինչը հազիվ թե  դաս լինի վերջինիս համար. նա կշարունակի հարձակվել հայերի վրա, քանի որ, ըստ Ալբերտ Դովլաթյանի,  հենց ազգային ատելությունը եւ Սաֆարովի նման «հերոս» երեւալու ցանկությունն է ընկած Էմիլ Աբդուլայեւի արարքի հիմքում:

Հավելենք, որ ներկայումս Ժան Մերոյանը գտնվում է Զնամենսկի զինհոսպիտալում՝ «ծնոտի ներքին կոտրվածք» ախտորոշմամբ: Հայկական կազմակերպությունները պետք է նաեւ հետեւեն  հիվանդանոցից դուրս գալուց հետո Ժան Մերոյանի ճակատագրին, քանի որ, ըստ մեր ունեցած տվյալների,  այն զորամասը, որտեղ նա պետք է վերադառնա,  թուրքական ծագմամբ բավականին մեծ թվով զինվորներ են ծառայում: