Արձագանքելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին` հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների, երկրապահ կամավորականների եւ վետերանների միության հարյուրավոր անդամներ, նաեւ զինծառայողներ ու քաղաքապետարանի ենթակայության տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ են մասնակցել «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում Ծիծեռնակաբերդի` շուրջ 110 հեկտար տարածքի մաքրման աշխատանքներին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, նկատելով տարածքում իրականացվող մաքրման աշխատանքները, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը եւս հանպատրաստից որոշել էր մասնակցել Երեւանն ավելի մաքուր դարձնելու աշխատանքներին: Քաղաքապետարանի կողմից ապահովվել են մաքրման համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու համապատասխան տեխնիկա: Ծիծեռնակաբերդում շրջել եւ ընթացող աշխատանքներին տեղում հետեւել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ամփոփելով ծրագրի մեկնարկից մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքները` Կամո Արեյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը աջակից բոլոր կառույցներին եւ կազմակերպություններին:
««Ավելի մաքուր Երեւան» ծրագիրը երեւանցիներին ուղղված կոչ է` ընդհանուր օգտագործման այն տարածքները, որոնք ծառայում են բոլորին, ավելի մաքուր դարձնելու եւ ավելի մաքուր պահելու համար: Առաջիկայում նախատեսում ենք մաքրման աշխատանքներ իրականացնել Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Հայորդաց տան հարակից, արդեն ծառապատ հատվածներում, նաեւ Արաբկիր վարչական շրջանի մանկական զբոսայգու եւ Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքներում: Այնուհետ աշխատանքներ կշարունակվեն մյուս վարչական շրջաններում»,-ասել է Կամո Արեյանը:
Նկատենք, որ մինչ օրս ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին մասնակցել է ավելի քան 2500 կամավոր: «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում մաքրվել եւ պատշաճ տեսքի են բերվել Հրազդանի կիրճի, Հաղթանակ զբոսայգու, «Կարմիր բլուր» հնավայրի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ «Փարոս» անտառպուրակի հարակից տարածքները:





























