Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին, օգոստոսի 4-ին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, իսկ տուժած 3 անչափահասներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշտարակ բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Անդրանիկ Դավթյանը: Նրա խոսքով՝ բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում եւ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

NEWS.am-ի տեղեկություններով՝ անչափահասները Ռոբերտ Մալաքյանի թոռներն են, որոնք Պետերբուրգից եկել են պապիկի մոտ հանգստանալու: Մյուս մեքենայի «ՎԱԶ-2102»-ի, 35-ամյա ուղեւոր Ա. Մ-ի կյանքին եւս վտանգ չի սպառնում եւ արդեն գնացել է Արմավիր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին, այսօր՝ օգոստոսի 4-ին, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա Ռավ 4» մակնիշի 16 ԼԼ 806 (վարորդ՝ 78-ամյա Ռ. Մ.) եւ «ՎԱԶ-2102» մակնիշի 28 ՕՏ 449 (վարորդ՝ 28-ամյա Մ. Ա.) համարանիշերի ավտոմեքենանները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ.Մ-ին եւ «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝   11-ամյա Ռ. Մ-ին, 8-ամյա Ա.Մ-ը , 70-ամյա Մ. Մ-ին, 61-ամյա Ռ. Ս-ին, ՌԴ քաղաքացիներ 13-ամյա Ս. Չ-ին եւ 45-ամյա Կ. Չ-ին եւ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 35-ամյա Ա. Մ-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Մ.Ա-ին՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է: Բժիշկները տուժած Ա. Մ-ի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: