Ադրբեջանում, այսօր՝ օգոստոսի 5-ի առավոտյան, հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Musavat.com-ը, Հըրդալանի բնակիչները փակել են Բաքու-Սումգայիթ մայրուղին:
Տեղեկատվության համաձայն՝ բնակիչների վրդովմունքի պատճառը եղել է մի քանի ժամ առաջ հետիոտնին վրաերթի ենթարկելու փաստը: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ցուցարարների խոսքով՝ ճանապարհի այդ հատվածում մեքենաները հաճախ են վրաերթի ենթարկում անցորդներին: Նրանք պահանջում են միջոցառումներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու նպատակով:
Մայրուղու վրա մեծ խցանում է առաջացել, ոստիկանության լրացուցիչ ուժեր են ժամանել, որոնք ցրում են ցուցարարներին:
Ադրբեջանում տարատեսակ բողոքի ակցիաները սովորական երեւույթ են դարձել: Երկրի շարքային քաղաքացիները գրեթե ամեն օր իրենց դժգոհությունն են արտահայտում իշխանությունների ու պաշտոնյաների դեմ:





























