Այս դատական գործը վերածվում է արդեն բնապահպանական խնդրի, քանի որ ծառեր են կտրում, թուղթ ստեղծում, որի վրա նման շինծու մեղադրանքներ են գրում ու ներկայացնում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը (ֆոտոռեպորտաժ):

Այս դատական նիստում փոխվեց Տիգրան Առաքելյանի փաստաբանը: Այսուհետեւ նրա շահերը Վահե Գրիգորյանի փոխարեն կպաշտպանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Շուշանյանն իր խոսքում  նշեց, որ թեեւ դատախազին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ունեն, բայց ոչ այս պահի համար: Նա միջնորդեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխել, նկատելով, որ նրան կալանքի տակ պահելու ժամկետները անցել են ողջամտության սահմանները (շուրջ երկու տարի): Այս միջնորդությանը դեմ արտահայտվեց միայն մեղադրող դատախազը, իսկ տուժողները նշեցին, որ «ինչպես կորոշի դատարանը»:

Տիգրան Առաքելյանն էլ հավելեց, որ իր ընտանիքի հետ դեպք էր տեղի ունեցել եւ իրեն 3 օրով ազատ էին արձակել, եւ եթե փախուստի դիմելու ցանկություն ունենար, կօգտվեր այդ առիթից:

Դատավոր Եվա Դարբինյանն իր խոսքում նշեց, որ պաշտպանական կողմի վկաներին հարցաքննելու լրացուցիչ  անհրաժեշտություն կա՝ հանձինս Անի Գեւորգյանի, Հայկ Գեւորգյանի եւ Վահագն Հովակիմյանի:

Տիգրան Առաքելյանն էլ ասաց, որ այս գործով կա մեկ վկա, որը դեռեւս չի հարցաքննվել եւ նրան հարցաքննելու դեպքում գործը կբացահայտվի եւ այլ վկաների հարցաքննության անհրաժեշտություն չի լինի: «Այդ վկան Կանաչուտ գյուղի բնակիչ Ալիկ Սարգսյանն է (նախկին ոստիկանապետը-խմբ)»,-ասաց նա:

Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ, խափանման միջոցը փոխելու փաստաբանի միջնորդությունը քննարկելու համար:

Դատական նիստին ներկա է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Դրսում այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները նշում են, որ գործը պատվիրված է եւ Տիգրանը անհիմն մեղադրանքի արդյունքում է շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվում: Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել ակտիվիստին: Բողոքի ակցիայի մասնակիցները հիշեցրեցին, որ դատը նախագահում է դատավոր Եվա Դարբինյանը, ով 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո 5 տարվա ազատազրկման էր դատապարտել Գեւորգ Մանուկյանին, այնինչ այդ գործով մեղադրվող կողմը նշում էր, որ վկաները զենքի սպառնալիքով են դատարան բերվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում:

2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am