Facebook սոցիալական ցանցում նոր շարժում է ստեղծվել, որի նպատակը վճարովի ավտոկանգառների մասին քաղաքապետարանի որոշման դեմ պայքարն է:
Շարժման կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Վճարովի ավտոկանգառների որոշումը անօրինական է եւ չի բխում հանրային շահից: Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70%-ը: Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Հաշվի առնելով այս եւ որոշման հետ կապված այլ անօրինական կետեր եւ բացթողումներ, ինչպես նաեւ օգոստոսի 4-ին ժամը 21:00-ի քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, որպես պայքարի միջոց կիրառել ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ: Մենք ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ անօրինական ավտոկանգառների համար:
Պայքարը շարունակվում է բոլոր ոլորտներում»:





























