Առայժմ նորություն չկա հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպման ժամկետների մասին: NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը:

Նրա խոսքով` այդ նախաձեռնությունն իրականացնելու որեւէ ժամկետ չկա: Ընդ որում, Ա. Բաբլոյանն ընդգծեց, որ այդ գաղափարը ներկայացրել է, քանի որ անթույլատրելի է համարում երկու ժողովուրդների միջեւ ատելության խորացումը, հատկապես` երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջեւ:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ,  Ա. Բաբլոյանի գաղափարն արձագանք էր գտել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամությսն խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախի կողմից: Ֆրանսիացի սենատորը հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականներին հրավիրել էր հանդիպել` ղարաբաղյան հարցով  երկխոսության համար: Նրա խոսքով` Ադրբեջանի խորհրդարանի Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի ղեկավար Մեհրիբան Ալիեւան տվել է իր համաձայնությունը: