Տաքսու վարորդ 22-ամյա Ա. Բոշյանը «Երեւան Սիթի»-ի մոտ իր պատվիրատուներից 2 մլն 44 հազար 850 ՀՀ դրամի գումար եւ իրեր է գողացել ու դիմել փախուստի՝ չսպասելով նրանց վերադարձին:
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: Վարորդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցի 88/2 հասցեում գտնվող «Արեւ» հանրախանութի մոտից իր վարած «Վազ 2107» մակնիշի 0409Լ համարանիշի տաքսի ավտոմեքենայով Արմեն Լյովայի Լազարեթյանին եւ վերջինիս կնոջը` Նելլի Հակոբի Անտոնյանին, տեղափոխել է Բագրատունյաց եւ Արտաշիսյան փողոցների խաչմերուկում գտնվող «Երեւան Սիթի» հանրախանութի մոտ: Ա. Լազարեթյանն ու Ն. Անտոնյանն իջել են ավտոմեքենայից ու գնումներ կատարելու նպատակով մտել «Երևան Սիթի» հանրախանութ, որից հետո Ա. Բոշյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ,ավտոմեքենայով հեռացել է` գողանալով ավտոմեքենայի մեջ թողնված` Ա. Լազարեթյանին պատկանող պայուսակը, որի մեջ եղել է 2 մլն 17 հազար 900 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար գումար եւ 26 հազար 950 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հագուստներ եւ այլ իրեր` Ա. Լազարեթյանին պատճառելով խոշոր չափի` 2 մլն 44 հազար 850 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այսինքն` Ալբերտ Արթուրի Բոշյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` գողություն, որը կատարվել է խոշոր չափերով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000- պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել օգոստոսի 5-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:



























