61-ամյա  Լորիս Լամբրիանովը «Մուշ» արտադրական կոոպերատիվին պատկանող շոգեբաղնիքը ծառայեցրել է պոռնկությամբ զբաղվելու համար: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

61-ամյա  Լորիս Լամբրիանովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. ապրիլի ամսից մինչեւ 2013թ. մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում երկու եւ ավելի մարմնավաճառների օգտագործելով, իր կողմից ղեկավարվող Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի 47 հասցեում գտնվող «Մուշ» արտադրական կոոպերատիվին պատկանող շոգեբաղնիքը գույքային օգուտ ստանալու նպատակով օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար: Միաժամանակ ապահովել է մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ եւ պարագաներ:

Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 2-րդ մասի  5-րդ կետով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է երկու եւ ավելի անձանց օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա:

Իրեղեն ապացույց են ճանաչվել թվով 56 հատ պահպանակները` փաթեթավորված մեկ փաթեթում: Դատական քննությունը նշանակվել է օգոստոսի 9-ին: