«Առավոտ» թերթը գրում է, որ «Նախախորհրդարանի» վերջին հանրահավաքում «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը խոսելով իշխանության բուրգի մասին, ասաց. «Եթե կիրառեն ուժ, ապա այդ ուժին կստանան բիրտ ուժ»: Մինչդեռ սրանից 4 ամիս առաջ՝ մարտի 20-ին, Բաց քաղաքացիական խորհրդի նիստում նա կտրականապես դեմ էր ուժ կիրառելուն: «Նա ասում էր. «Մենք բախումների կողմնակից չենք, այդ մարտավարությանը համաձայն չենք: Առաջարկն այն է, որ պետք է արհամարհել դրանք: Եթե երդումը կեղծ է, այդ երդումով Սերժ Սարգսյանը չի դառնում հայ ժողովրդի նախագահ: Պետք է արհամարհել եւ վերջ:
«Առավոտը» Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվել է, թե ինչն է փոխվել այս ամիսների ընթացքում, որ Դուք Ձեր մոտեցումները փոխել եք, ինչո՞ւ այն ժամանակ դա խորհուրդ չէիք տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմա ինքներդ հայտարարում եք, որ եթե կիրառեն ուժ, կստանան բիրտ ուժ: «Ես միշտ դեմ եմ եղել եւ այսուհետ եւս դեմ եմ լինելու ցնցումների, ուժի կիրառման միջոցով փոփոխության հասնելու քայլերին: Իմ խոսքերն իրար չեն հակասում»:
Նա բացատրեց, որ եթե ժողովուրդը համախմբված ու կազմակերպված լինի, ունենա եղածին փոխարինելու պատրաստ համազգային ծրագիր, պետական կառավարման համակարգի մոդել, իսկ հանցավոր վարչախումբը չենթարկվելով ժողովրդի պահանջին եւ չզիջելով պետական կառավարումը, փորձի բիրտ ուժ կիրառել նրա նկատմամբ, ապա որպես պատասխան պետք է ստանա բիրտ ուժ: «Դա իրեն հարգող ժողովրդի ոչ միայն իրավունքն է, այլեւ պարտականությունը»,-ասաց նա:
(Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում)




























