Պսկովում մահացել է ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորական Պավել Ադելգեյմը։ Նրան դանակի հարվածով սպանել է ինչ-որ մոսկվացի, ով նրա մոտ է եկել բուժվելու եւ 3 օր նրա հյուրն է եղել։

Դանակահարված հոգեւորականի մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 5-ին տաճարի մոտ, որտեղ նա ծառայել է։ Դրանից կարճ ժամանակ անց հանցագործության վայրում ձերբակալել են սպանության կասկածյալին։

«Պսկովսկայա լենտա նովոստեյ»-ը, վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, որ հոգեւորականի վրա հարձակվողը հոգեկան խանգարումների նշաններ է ունեցել։ Նա, իբրեւ թե, գոռացել է, որ «հոգեւորականին սպանել իրեն հրամայել է սատանան», իսկ ձերբակալության պահին դանակով հարվածել է կրծքին։

Վարկածներից մեկի համաձայն, կասկածյալը հոգեւորականի մոտ է եկել բուժվելու։ Նրան վիրահատել են, քանի որ ձերբակալության պահին երկու անգամ դանակով հարվածել է իր կրծքին։