Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործի քննությունը Կոտայքի մարզում այլեւս չի իրականացվելու: Այս մասին նշել է Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը:

2013թ. հունիսի 17-ին Լուսինե Մինասյանի եւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից ՀՀ Գլխավոր դատախազությանը ներկայացվել էր դիմում Մարո Գուլոյանի գործով վարույթի անօրինական կարճման որոշման դեմ:

Հունիսի 24-ին ՀՀ Գլխավոր դատախազի որոշմամբ Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության կապակցությամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կայացված ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից, վերացվել է:

Հուլիսի 11-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը նոր դիմում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն` գործի քննությունը Երեւան տեղափոխելու վերաբերյալ: Հուլիսի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանին` գործի նախաքննության կատարումը մեկ այլ քննչական մարմնի հանձնարարելու համար:

Խորին շնորհակալություն հայտնելով ՀՀ Գլխավոր դատախազությանը նախաքննության օրինականության վերահսկողության ապահովման համար` տուժող կողմը հուսով է, որ գոնե նոր քննչական մարմնի կողմից Մարո Գուոյանի կասկածելի մահվան դեպքը կքննվի պրոֆեսիոնալ, առանց կողմնապահության եւ օրենքի պահանջների կոպիտ խախտման:

Հիշեցնենք, որ 20-ամյա Մարո Գուլոյանը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել: Սակայն պաշտոնական վարկածը եւ գործի փաստական հանգամանքները էապես հակասում են միմյանց: Կանանց իրավունքների կենտրոնի փոխանցմամբ՝ Մարո Գուլոյանը, ով ուներ մեկ դուստր եւ մահվան պահին հղի էր երկրորդ երեխայով, մահացել է ամուսնու տանը` Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

«Մարոն մշտապես բռնությունների է ենթարկվել ամուսնու` Գեւորգ Գուլոյանի կողմից, ով խորապես տարված էր խաղամոլությամբ ու չէր աշխատում: Ըստ քրեական գործի   նյութերի` Մարոն ինքնասպան է եղել լոգարանում խալաթի գոտիով կախվելու միջոցով: Գեւորգ Գուլոյանը պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է:

Գործով նախաքննությունն իրականացվել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի  մարզի քննչական բաժանմունքում, որն էլ 2013թ. ապրիլի 22-ին որոշում կայացրեց քրեական գործով վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության պատճառով (քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով)»,- ավելի վաղ հայտնել էր Կանանց իրավունքների կենտրոնը: