Կա նախագահի հրամանագիր՝ կառավարությանը առընթեր Ճարտարապետական պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ: Ինչի արդյունքում հնարավոր է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կթողնի իր ներկայիս  պաշտոնը եւ կղեկավարի կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Հարցին, թե քաղաքաշինության նախարարության  եւ Ճարտարապետության պետական կոմիտեի աշխատանքները ինչով են տարբերվելու , Մկրտիչ Մինասյանն ասաց.«Գիտեք, խորհրդային ժամանակ էլ կար շինարարության մինիստրություն, որը հիմնականում զբաղվում էր շինարարությամբ, եւ կար ճարտարապետական պետական կոմիտե: Երեւի այդ սխեման են վերցրել»:

Հարցին, թե հնարավոր է Նարեկ Սարգսյանին հենց ինքը փոխարինի, Մկրտիչ Մինասյանն ասաց. «Այս երկու օրում պարզ կլինի: Բայց ինչքան գիտեմ, Նարեկ Սարգսյանին համալսարանից մի երիտասարդ դասախոս է փոխարինելու»: