Վանաձորի մանկատան նախկին սան Թագուհի Քոչարյանը նամակ է հղել նախագահին եւ այլ պաշտոնատար աանձանց եւ նրանց ուշադրությունը հրավիրել գողություն համար ազատազրկման դատապարտված ամուսնու գործի վրա` պահանջելով վճռաբեկ բողոքի վերանայում:

«Հարգելի պաշտոնատար այրեր, Ձեզ  դիմողը Վանաձորի մանկատան նախկին մի սան է, ով մանկատնից դուրս գալով  իր հետագա բախտը կապեց նույն մանկատան մեկ այլ սանի` Ռոման Վլադիրմիր Կուդաշինի հետ, ով աշխատում էր «ՀԷԿ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղում: Մեր նորաստեղծ ընտանիքում ամուսիններով կարծես թե երջանիկ էինք, ապրում էինք  մեկս մյուսին հենարան տեսնելով, քանի որ երկուսս էլ ծնողազուրկ էինք, դժվարություններ տեսած, ծնողական խնամքից ու դաստիարակությունից զրկված, սակայն դրա կարիքը խիստ զգացել ենք մշտապես եւ մեկս մյուսի նկատմամբ ցուցաբերած հոգատարությամբ ու ջերմությամբ աշխատել ենք լրացնել ծնողական այդ բարձր զգացմունքները: Ավաղ, ամուսնուս նկատմամբ անհիմն հարուցած քրեական գործը խաթարեց մեր ընտանիքը, մեր հույսը, հավատը ապագայի նկատմամբ, քանի որ Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2012թ.-ի  դատավճռով հաստատվեց նախաքննական մարմնի հարուցած այն անհիմն  մեղադրանքը, որով ամուսնուս մեղադրել էին  ՀՀ Քր. Օրենսգրքի 177 հ. 3 մ. 1.1 կետով, մի մեղադրանք որում չկար նրա մեղքը: Այս անհիմն դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ուղարկվել  ամուսնուս եւ նրա պաշտպանի կողմից ՀՀ Վերաքննիչ քրեական  դատարան, որը 30 րոպեում ուժի մեջ թողեց ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` մերժելով ամուսնուս վերաքննիչ բողոքը, իսկ ՀՀ Վճռաբեկ Դատարանը վերադարձրեց նրա վճռաբեկ բողոքը, (ինչպես արվում է համարյա մշտապես վճռաբեկ դատարանի կողմից) այդ այն դեպքում, երբ տվյալ մեղադրանքը կառուցվել էր ենթադրությունների, ճնշումների, բռնությունների հիման վրա: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի քանի  կոպիտ խախտումների վրա, որոնց չեն  ցանկացել նկատել թե´ քննիչը, եւ թե´  դատարանները: Այն է.ոստիկանությունում ամուսնուս խփել են, հայհոյել, սկզբնական  շրջանում թույլ չեն տվել օգտվել փաստաբանի ծառայությունից, վերցնելով նրանից ձեռքի հեռախոսը, որ հնարավորություն չունենա  կապի միջոցով հաղորդակցվի ինձ հետ, իր մտերիմների հետ,ամուսնուս սիստեմատիկ ոստիկանություն կանչելու, նաեւ ինչու չէ սթրեսների պատճառով  ես զրկվեցի պատշաճ բժշկական օգնություն ստանալուց, որի արդյունքում երկու անգամ  կորցրել եմ երեխա ունենալու հնարավորությունը: Գործում կան նաեւ այլ կոպիտ խախտումներ, որոնց ծանոթանալու դեպքում միայն կհամոզվեք: Ձեր ուշադրությունը հրավիրելով  այս քրեական գործի վրա, խնդրում եմ հաշվի առեք եւ օգնեք ամուսնուս, որ նա անհիմն չմեկուսացվի: Պահանջում եմ  վճռաբեկ բողոքի վերանայում»,- ասված է կնոջ նամակի մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի մանկատան շրջանավարտ, երկկողմանի ծնողազուրկ Ռոման Կուդաշինը երկու տարի է՝ դատական քաշքուկների մեջ է։ Դատարանը նրան չորս տարվա ազատազրկման է դատապարտել գողության համար։ Ռոմանն իր մեղավորությունը չի ընդունում եւ հիմա փախուստի մեջ է։ Ռոմանի կինը՝ Թագուհին, որը նույնպես մանկատան նախկին սան է, մնացել է մենակ եւ հուսահատ վիճակում է: