Հայ հեղափոխական դաշնակցությունը, ամենայն հավանականությամբ, թեկնածու կունենա Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Գագիկ Գեւորգյանը, ում անունը շրջանառվում է որպես հավանական թեկնածու:
Նա տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ առաջին օրերին կուսակցությունը կկայացնի որոշում, մի քանի անուններ են շրջանառվում: «Բնականաբար, կառաջադրենք, եթե չառաջադրենք էլ, կպաշտպանենք ինչ-որ թեկնածուի, բայց ինձ թվում է` կառաջադրենք»,- ասաց նախկին պատգամավորը:
Նա նշեց, որ իր առաջադրման հետ կապված կուսակցությունում որոշում չկա: «Երբ կուսակցությունը կորոշի, կասեմ` ցանկություն ունեմ, թե ոչ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է այդ ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուին, ապա Գագիկ Գեւորգյանն ասաց, որ բոլորին էլ ուժեղ մրցակից է համարում:
Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: ՀՀԿ-ն այդ ընտրատարածքում առաջադրելու է Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին:





























