Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն, այսօր՝ օգոստոսի 9-ին, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Սեւան-Մարտունի- Գետափ մայրուղու` Քարագլուխ համայնքի մոտ փլուզված հատված, ծանոթացել կատարվող շինարարական աշխատանքներին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատասխանատուները զեկուցեցին, որ մոտ մեկ շաբաթից ճանապարհն արդեն երթեւեկելի կլինի նաեւ բեռնատար մեքենաների համար: Ճանապարհահատվածի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 38 մլն դրամ:
Փոխվարչապետն այցելել է նաեւ մարզի Գետափ, Շատին, Արտաբույնք, Հերմոն համայնքներ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մինչեւ սեպտեմբեր կավարտվեն Արտաբույնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, Շատին գյուղում նույն ծրագրով արդեն ավարտվել է համայնքային կենտրոնի շենքի վերակառուցումը, իսկ Գետափում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով նորոգվում է մանկապարտեզի շենքը: Քննարկվեցին Եղեգիսի կիրճում զբոսաշրջության զարգացման հեռանկարները` հաշվի առնելով, որ տարածքն ու մարզը հարուստ են պատմամշակութային հուշարձաններով:
Համայնքներում փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ նաեւ բնակիչների հետ, որոնք հիմնականում բարձրացրեցին գազիֆիկացման, միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհների բարեկարգման, գյուղմթերքի իրացման, նոր գյուղտեխնիկայի անհրաժեշտության, ինչպես նաեւ համայնքներում հանրապետական հեռուստաալիքների հեռարձակման հնարավորության հետ կապված հարցեր:
Եղեգնաձորում փոխվարչապետին զեկուցվեց քաղաքի ճանապարհների բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով հատկացված մոտ 60 մլն դրամով արդեն ավարտվել է Մոմիկի փողոցի նորոգումը, պետբյուջեից շուրջ 231 մլն դրամ է հատկացվել Նարեկացի եւ Սպանդարյան փողոցների բարեկարգման համար:




























