Ադրբեջանի ԿԸՀ-ն, այսօր՝ օգոստոսի 10-ին, քննարկել է «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից Իլհամ Ալիեւի նախագահի պաշտոնում առաջադրման հարցը: Ինչպես հաղորդում է APA-ն, Ալիեւի թեկնածությունը հաստատվել է պաշտոնական քվեարկության միջոցով:

Ադրբեջանի ԿԸՀ են ներկայացվել 6 թեկնածուների անուններ: Դրանք են «Ենի Ազերբայջան» կուսակցությունից Իլհամ Ալիեւը, «Ազադլիգ» կուսակցության առաջնորդ Ահմեդ Օրուջը, Քաղաքացիների ու զարգացման կուսակցության նախագահ Ալի Ալիեւը, Ադրբեջանի լիբերալ կուսակցության նախագահ Ֆուադ Ալիեւը, իրավաբան Իլգար Մամեդովը եւ Ումիդ կուսակցության ղեկավար Իգբալ Աղազադեն:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: Այդ երկրում ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ: Իլհամ Ալիեւը 3-րդ անգամ է առաջադրվում նախագահի թեկնածու: Նա երկիրը ղեկավարում է 2003 թվականից:

Ադրբեջանի Սահմանադրության կատարված փոփոխությունների համաձայն՝ նույն մարդը կարող է անսահմանափակ թվով վերընտրվել նախագահի պաշտոնում: