Երեւանի հանգստի գոտիների եւ անտառպուրակային տարածքներում «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում, շուրջ 400 կամավորներ մաքրել եւ համապատասխան տեսքի են բերել Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան եւ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից անտառպուրակային հատվածը:

Աշխատանքներին միացել էին նաեւ Երեւանի ավագանու անդամներ: Անհրաժեշտ բոլոր գործիքների եւ այլ պարագաների տրամադրումը հոգացել էր Երեւանի քաղաքապետարանը: Ջրցան մոքենաներով կազմակերպվել է նաեւ տարածքի ոռոգումը:

Աշխատանքներին տեղում ծանոթացել ու մաքրմանն անձամբ միացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

«Արձագանքելով քաղաքապետարանի ` «Ավելի մաքուր Երեւան» ծրագրին միանալու  կոչին այսօր աշխատանքներին մասնակցում են ինչպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ վարչական շրջանի տասնյակ բնակիչներ, այդ թվում` երիտասարդներ ու դպրոցականներ, ինչը գործնականում փաստում է մայրաքաղաքի նկատմամբ նրանց սերն ու հոգատարությունը»,-ընդգծել է Կամո Արեյանը:

Արդեն հաջորդ շաբաթ «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում սանմաքրման  աշխատանքներ են նախատեսված Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում: Նշենք, որ «Ավելի մաքուր Երեւան» ծրագիրը սկսվել է հունիսի 22-ից: