Երեւանում, այսօր՝ օգոստոսի 12-ին, երեկոյան ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի կունենա «Շախմատային երկխոսություն» միջոցառումը:
Այս առնչությամբ, միջոցառման կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Շախմատն աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է: Միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, առցանց եւ մրցաշարերում։ Շախմատային խաղի մեջ մեծ խորհուրդ ունի մտքի ճկունությունը, սլացիկ երեւակայության մշակումը, պահի հետագա ընթացքը ճիշտ գուշակելու եւ պաշտպանվելու մարտավարության արվեստը: Շախմատային խաղի արվեստը դրսեւորվում է նաեւ թիմային մտքի զարգացման եւ թիմային աշխատանքի արդյունքում, որը հնարավորություն է տալիս հաղթանակի հասնելու թիմային միասնական մտածողության:
Oգոստոսի 12-ին` երիտասարդության միջազգային օրը, ժամը 19:00-ին Երիտասարդական ակումբների դաշնությունը, «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ եւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ հրավիրում են բոլոր երիտասարդներին մասնակցելու «Շախմատային երկխոսություն» միջոցառմանը, որտեղ երիտասարդները «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող շախմատի խաղահարթակում կխաղան ոչ սովորական շախմատ, ինչու՞ ոչ սովորական, որովհետեւ երիտասարդներն իրենք կմարմնավորեն խաղաքարերը»:




























