Այսօր՝ օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է, որի առթիվ «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները միջոցառումների շարք են նախատեսել:

Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Երիտասարդությունը գիտի պայքարել իր իրավունքների համար, գիտի հաղթել, գիտի նաեւ նշել այդ հաղթանակը։ Օգոստոսի 12-ին, աշխարհը նշում է երիտասարդների միջազգային օրը։ Մեզ մոտ հաղթանակած ու իրավագիտակից երիտասարդությունը կնշի իր տոնը։

Միացի՛ր մեր միջոցառումներին վաղը ՝ 18։00-ից կսկսենք մեր երթը Սիրահարների այգու մոտից, շարժվելով Բաղրամյան փողոցով, կգնանք Ազատության հրապարակ։ Մեր քայլերթը կշարունակենք Հյուսիսային պողոտայով Հանրապետության հրապարակ, Իտալիայի փողոց, այնուհետեւ դեպի քաղաքապետարան՝ շնորհավորելու նաեւ այն իրավագիտակից երիտասարդներին, որոնք արդեն 16-րդ օրը նստացույց են իրականացնում քաղաքապետարանի դիմաց։

Երթի համար պատրաստե՛ք պաստառներ հետեւյալ գրություններով. «Մենք անկախության սերունդն ենք, մենք հանգիստ չենք մնում», «Հաղթանակը սկսվում է երիտասարդների միասնականությունից», «Միասնականությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է, որը կերտում են երիտասարդները», «Հեղափոխության ճանապարհը կառուցում են երիտասարդները», «Կան մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչ է պայքարը, բայց պարտավոր են սովորել: Մեծերը սովորեցնում են կյանքի փորձով երիտասարդները` միասնականությամբ»։ Քաղաքապետարանից կշարժվենք Մաշտոցի պուրակ։

Ժամը 20։00-ից Մաշտոցի պուրակում միասին կնշենք մեր տոնն ու մեր հաղթանակը։

Պուրակում կլինեն երաժշտություն, բարձր տրամադրություն ու հաղթած, ազատ, իրավագիտակից երիտասարդություն»: