Արագածոտնի մարզում, օգոստոսի 8-ին, տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած Արցախի Գերագույն Խորհրդի նախկին նախագահ, վաղամեռիկ Արթուր Մկրտչյանի հարսի` Ռուզաննա Մկրտչյանի վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Այսօր նրան Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն մեկ այլ բաժանմունք: Հիվանդանոցից հայտնեցին, որ նա դեռեւս չգիտի որդու մահվան մասին, բժիշկները ոչինչ չեն հայտնել:

Այս վթարի հետեւանքով տուժած 61-ամյա Կարեն Ղ-ն օրերս Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Կրծքային վիրաբուժության բաժանմունք, նրա վիճակը լավ է: Հիվանդանոցից նաեւ հայտնեցին, որ Ռուզաննա Մկրտչյանի սկեսուրի` Գոհար Մկրտչյանի առողջական վիճակը լավ է, նա այսօր դուրս կգրվի հիվանդանոցից:

Նշենք, որ վթարի հետեւանքով մահացել էր Արցախի Գերագույն Խորհրդի նախկին նախագահ, վաղամեռիկ Արթուր Մկրտչյանի թոռը, Ռուզաննա Մկրտչյանը նրա հարսն է, իսկ Գոհար Մկրտչյանը` կինը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզում օգոստոսի 8-ին, ժամը 16:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի բնակիչ, 61-ամյա Կարեն Ղ-ը, վարելով «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանն էլ հայտնեց, որ 61-ամյա Կարեն Ղ-ի, ուղեւորներ 54-ամյա Գոհար Մկրտչյանի եւ հարսի՝ Ռուզաննա Մկրտչյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ  6-ամյա Արթուր Մկրտչյանին, ով պոլիտրավմա է ստացել, կյանքը փրկել չի հաջողվել: Նրան ցանկացել են տեղափոխել Երեւան, սակայն վիճակը կտրուկ վատացել է եւ րոպեներ առաջ մահացել է: «Մինչեւ նորից տեղափոխեցինք վիրահատարան, վերակենդանացման միջոցառումները օգուտ չտվեցին: Նրանք Ղարաբաղի բնակիչներ են: Եկել էին ազգականի մոտ, գործով գնացել են Գյումրի Մասարա գյուղի մոտակայքում տեղի է ունցել այդ վթարը»,- նշել է նա: Մեր տեղեկություններով, երեխայի հայրը, տեղեկանալով կատարվածի մասին, Ղարաբաղից գալիս է Հայաստան