Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը դեռ աշխատանքի հրավերներ չունի, նա շարունակում է հանգստանալ եւ պատրաստվում է սեպտեմբերի 1-ին թոռանը դպրոց տանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Գիզիրյանը:
«Առայժմ հանգստանում եմ, եկեք աշխատանքից չխոսենք, ուրիշ լավ բաներից խոսենք, աշխատանքով ո՞վ է ուրախանում, որ ես ուրախանամ: Առայժմ ոչ մի բան չկա: Ինձ գործազուրկ չեմ զգում, մի զբաղմունք գտնում եմ»,- ասաց նա:
Շիրակի նախկին մարզպետն ասաց, որ պատրաստվում է սեպտեմբերի 1-ին թոռանը` Աշոտին, դպրոց տանել, այնուհետեւ 20 օրով կմեկնի արտերկիր` բարեկամներին տեսության: Թոռան համար արդեն ընտրել են դպրոց, որտեղ համազգեստ պետք է հագնի, «Աշոտիկը կարգին տղա է, լավ դպրոց ենք ընտրել»: Աշոտ Գիզիրյանը հիշեց, որ երբ թոռանն ատամհատիկ էին արել, վերջինիս վերցրել էր «Գեներալ» գրած թուղթը, եւ հիմա ինչ ասում են, ասում է` «Գեներալ եմ դառնալու»: Նախկին մարզպետի համար կարեւոր չէ, թե ինչ մասնագիտություն եւ աշխատանք կունենա թոռը, կարեւորն այն է, որ հայրենիքին պիտանի մարդ լինի: «Դեռ շուտ է, երբ ինքը մեծանա, սովորի, սկսի կայանալ, ինքնուրույն որոշումներ կայացնի, տեսնենք որ ուղղությամբ է գնում, այդ ժամանակ խորհուրդներ կտամ, հավատ` շատ չեմ խառնվի իր գործերին»,- ասաց նա: Թե ինչ է նվիրելու պապը թոռանը դպրոց գնալու առթիվ, Աշոտ Գիզիրյանն այսպես պատասխանեց. «Ինչ ունեմ, չունեմ իրեն եմ էլի նվիրելու»:





























