Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում միշտ խնդիրներ ու   մի շարք հարցեր են գոյություն ունեցել, սակայն Ռուսաստանն արդեն չի բարձրացնում Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Վիկտոր Նադեին-Ռաեվսկին:

Նրա խոսքով` Ռուսաստանը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման օգտին, բազմիցս հանդիպումներ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ: Սակայն, ցավոք,  դրանք դեռեւս արդյունքներ չեն տվել, նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի` օգոստոսի 13-ին Բաքու կատարելիք աշխատանքային այցին, հաշվի առնելով, որ նրա  պաշտոնական այցը Երեւան դեռ չի կայացել, քաղաքագետը նշեց, որ այցերի հաջորդակոնությունն ու ժամանակացույցը նախագահի աշխատակազմի գործն է: «Այդուհանդերձ, Ռուսաստանի եւ Հայաստանի հարբերություններն այնքան զարգացած են եւ լայն,  որ համեմատելի չեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետ: Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է»,- ասաց Նադեին-Ռաեվսկին` ընդգծելով, որ գլխավորը ոչ թե այցերի հաջորդականությունն է, այլ համագործակցության բովանդակությունը: