Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդա»-ի  գործով պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի հայրը որոշել է Հանրապետության հրապարակում ինքնասպան լինել՝ կախվելու միջոցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի Լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը:

«Գնալու եմ՝ ինձ հրապարակում կախեմ: Բա ի՞նչ անեմ, արդեն 3 տարին է՝ իմ որդուն անմեղ տեղը բռնել են: Ես իմ տարիքն առել եմ, 78 տարեկան մարդ եմ, թող գնան խայտառակ լինեն: Ոչ բանավոր բողոքներին են պատասխանում, ոչ գրավոր»,- դժգոհեց Արտյուշա Հակոբյանի հայրը: Նա նաեւ նշեց, որ Գառնիի գյուղացիները 3 հազար ստորագրություն են հավաքել ու պատրաստվել են փակել ճանապարհը, որ անգամ զբոսաշրջիկները կկարողանան Գառնի մտնել: «Միլպետով-բանով եկան, համոզեցին, որ այդ քայլին չդիմեմ, հակառակ դեպքում իրենց աշխատանքից կազատեն, բայց էլ ոչ մի զիջման չեմ գնալու»,- ավելացրեց Սուրիկ Հակոբյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  գործով 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել:  Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, իսկ Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: