«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի մարզերը բաժանվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Պաշտոնյաները պետք է այցելեն այդ մարզերը, տեղում ծանոթանան հատկապես գյուղաբնակների խնդիրներին ու համակարգեն դրանք: Օրինակ՝ օգոստոսի 2-ին Արմեն Գեւորգյանն այցելել է Լոռիի մարզի Տաշիրի շրջանի Մեղվահովիտ, Նորաշեն Սարչապետ, Լեռնահովիտ համայնքներ:

Ականատեսներից մեկը «Ժամանակ»-ին պատմեց, թե նրա այցից մի քանի օր առաջ արդեն այդ գյուղերում շրջանառվում էր լուրը, թե վարչապետն է գալիս՝ Ա. Գեւորգյանին շփոթելով Տիգրան Սարգսյանի հետ: Այս հեռավոր գյուղեր այնքան քիչ են պաշտոնյաներ այցելում, որ փոխվարչապետի այցից օրեր առաջ գյուղերում մեծ շուքով սկսել են «ուբոռկա» անել՝ ավլել-մաքրել են գյուղ մտնող ճանապարհները, լվացել գյուղամիջյան փոքր հրապարակների ասֆալտը:

Երբ տաշիրցիները Ա. Գեւորգյանի մոտ դժգոհել են, որ խանութներում մեկ լիտր սովորական կամ հանքային ջուրն ավելի թանկ է, քան մեծ տանջանքների գնով ստացած կաթը, փոխվարչապետը դժգոհել է, թե՝ «բա 130 դրամը էժա՞ն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում