«Օբորոնսերվիս»-ի գործում նոր կասկածյալ է հայտնվել, նա «Օբորոնստրոյ»-ի նախկին փոխտնօրեն Յուրի Գրեխնեւն է, որը նախկինում որպես վկա էր հանդես գալիս:

Գրեխնեւը ցուցմունք է տվել հատուկ շինարարության 31-րդ պետական նախագծային ինստիտուտի շուկայականից ցածր գնով վաճառքի վերաբերյալ: Քննության տվյալներով՝ արդյունքում Մոսկվայում գտնվող նախագծային ինստիտուտի շենքի վաճառքից վնասը կազմել է 500 մլն ռուբլի:

Գրեխնեւի խոսքով՝ իրական վաճառքն իրականացրել է Եվգենիա Վասիլեւան, որն այդ ժամանակ գլխավորել է ՊՆ ունեցվածքի դեպարտամենտը, եւ Եկատերինա Սմետանովան, որը գլխավորել է ունեցվածքի գնահատմամբ զբաղվող «Էքսպերտ» կենտրոնը:

Գնահատելով Գրեխնեւի ցուցմունքները, քննիչները նրան մեղադրանք չեն առաջադրել, բայց նա վկայից դարձել է կասկածյալ: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաբեբայություն» հոդվածի հատկանիշներով, գրում է «Կոմերսանտը»: