Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի ավերակներ այցելուների թիվը տարեց-տարի կրկնապատկվում է:

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Կարսի նահանգի մշակույթի եւ տուրիզմի վարչության տնօրեն Հաքան Դողանայը հայտնել է, որ զբոսաշրջիկների մոտ մեծացել է հետաքրքությունը Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների մոտ գտնվող Անիի նկատմամբ:

Հաքան Դողանայը շեշտել է, թե երբ 2011-ին Անի է այցելել 23 400 այցելու, ապա 2012-ին այդ թիվը կազմել է  43 657: Թուրք պաշտոնյան նաեւ հայտնի խոսքն է ասել Անիի մասին`Անին մի աշխարհ է, սակայն աշխարհն Անի չէ:

Հերթական անգամ թուրք պաշտոնյան չի նշել Անիի իրական տերերի`հայերի մասին:

Հիշեցնենք, որ Անիում կանգուն մնացած հայկական շինություններից ոչ մեկի դիմաց տեղադրված ցուցանակների վրա չկա հայ կամ Հայաստան գրությունը։ Օրինակ՝ Գագկաշենի ցուցանակի վրա գրված է. «Կառուցվել է Գագիկ թագավորի կողմից» եւ ոչ մի խոսք թե ո՞ր երկրի թագավորն է եղել Գագիկը։