Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարական աշխատանքների կազմակերպման համար տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերում պարտադիր պետք է ամրագրված լինի շինհրապարակը բնապահպանական չափանիշներով կահավորելու բաղադրիչն ու համապատասխան պայմանների ապահովումը` շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը նվազեցնելու եւ հարակից տարածքներն աղտոտումից զերծ պահելու համար: Այսօր արդեն համապարփակ մոտեցում է կիրառվում շինհրապարակների պատնեշների միասնական պաստառապատման ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե բնապահպանական բաղադրիչի ապահովումը ամրագրված է նաեւ Երեւանի ավագանու համապատասխան որոշմամբ: Մասնավորապես, պարտադիր է նախագծում շինարարական հրապարակ կազմակերպելու համար անհրաժեշտ հատակագծային լուծումներ ներառելը. հստակ պետք է նշվի , թե ինչպես է շինհրապարակը սահմանազատվելու, պատնեշը ինչ նյութերից պետք է լինի, շինարարարական հրապարակի ներսում, արդեն անհրաժեշտությամբ պայմանավորված, ստացիոնար աշխատող վերամբարձ կռունկները որտեղ պետք է տեղադրվեն, շինարարական նյութերը որ հատվածներում են կուտակվելու: Այս պայմանների ապահովումը անհրաժեշտ է նաեւ շինարարներին՝ քաղաքակիրթ եւ անվտանգ շինարարություն ծավալելու նկատառումով: Ավագանու սույն որոշմամբ արգելվում է նաեւ շինարարական թափոնները շինհրապարակի տարածքից դուրս կուտակելը: Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Շրջակա միջավայրի վրա ազդեցության կանոնները խախտելով շինարարական աշխատանքների կազմակերպման դեպքում նախատեսվում է վարչական տուգանք՝ 30-ից 50000 դրամի չափով: Կառուցապատողներն այս ամենին պատշաճ կերպով ծանուցվել եւ լրացուցիչ իրազեկվել են: Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք:





























