Օգոստոսի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ստեղծվել է հիմք` երկու կառույցների փոխգործակցության համար:

Համագործակցության շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ է հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը` սերվերային տնտեսություն ստեղծելու համար։

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) տարածքում, որը տեղակայված է հանրապետության ամենասեյսմակայուն շենքերից մեկում, կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան` տվյալների պահպանման սերվերային կենտրոն: Այն հագեցած կլինի հզոր գեներատորներով, հովացման եւ այլ համակարգերով: Այստեղ կլինի նաեւ Աղետների ռիսկի նվազեցման ազգային դիտացանցը։ Նախատեսվում է նույն տարածքում տեղակայել նաեւ ՀՀ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների կրկնորդ (backup) սերվերները։

Ծրագիրն իրականացվելու է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակի հետ համատեղ։

ԱԻ նախարարության վերջին տարիների ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր այցելել են Գառնու դիտարան, Լուսակերտի ուսումնական կենտրոն եւ Բալահովիտ, որտեղ կառուցվելու է հայ-ռուսական մարդասիրական կենտրոն: