Եգիպտոսում մեկ ամիս ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել: Համապատասխան հրաման է տվել երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը:
Երկրի ՆԳՆ ուժերը բանակային ստորաբաժանումների հետ միասին առավոտից ցրում են պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կողմնակիցների երկու ճամբարները: Այդ նպատակով ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ: Իսլամիստները պնդում են, որ ոստիկանությունն ու բանակը հրաձգային զենք է կիրառում:
Բացի Կահիրեից, պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումներ տեղի են ունենում եգիպտական միանգամից մի քանի քաղաքներում:
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը զոհերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ է հայտարարել՝ 95: Նշվում է նաեւ, որ ավելի քան 800 մարդ վիրավորվել է: Իսլամիստների տվյալներով՝ բախումների արդյունքում զոհվել է ավելի քան երկու հազար մարդ, փոխանցում է «ՌԻԱՆ Նովոստին»:




























