«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն բարձարաձայնում է, որ Հայաստանում լվացող եւ մաքրող միջոցները հիմնականում վաճառվում են առանց հայերեն մակնշման: Այսպիսով հայ սպառողը ձեռք է բերում ապրանք՝ վերջինիս մասին չունենալով պատշաճ տեղեկատվություն (եթե իհարկե չի տիրապետում օտար լեզուների, այն դեպքում, երբ արտադրողների կողմից կիրառվում են խաբկանք առաջացնող մարքեթինգային տարբեր հնարքներ): Վերջինիս պատճառը թերեւս այն է, որ լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգում մակնշմանը ներկայացվող պահանջները չեն պարտավորեցնում ապահովել հայերեն մակնշումը:
Մոտ օրերս «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությանը կներկայացնի տեխնիկական կանոնակարգում փոփոխություն կատարելու առաջարկությունը:
ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ օգոստոսի 1-ին գրավոր դիմել ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությանը՝ ներկայացնելով խնդիրը եւ առաջարկելով տեխնիկական կանոնակարգում անհրաժեշտ փոփոխության մեր տարբերակը: Տեսչության պատասխանից (որում մասնավորապես նշվում է, որ գրության մեջ նշված փոփոխությունների կատարումը չի մտնում տեսչության իրավասությունների մեջ, եւ ավելի ճիշտ կլիներ այդ հարցով դիմել ստանդարտացման ազգային մարմնին՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին) պարզ է դառնում, որ վերոնշյալ տեսչությունում տեղյակ չեն, որ իրավասու են (դեռ ավելին՝ պարտավոր են) հանդես գալու տեխնիկական կանոնակարգում փոփոխություն կատարելու առաջարկությամբ: Հաշվի առնելով, որ հենց վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից իրականացվող ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունքում է պարզ դառնում այն իրավական ակտերի անհրաժեշտությունը, որոնցով հնարավոր կլինի կարգավորել ոլորտը եւ, որ վերոնշյալ Տեսչությունը, որպես ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին, նույնպես կարող է մտահոգվել խնդրով եւ հանդես գալ որպես նախաձեռնող կողմ՝ Կազմակերպությունը, դրսեւորելով բարի կամք, դիմել էր ոչ թե որոշումն ընդունող Կառավարությանը, այլ վերոնշյալ Տեսչությանը: Սակայն պատասխանից կրկին պարզ է դառնում, որ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնին շուկայում առկա խնդիրները չեն անհանգստացնում:
Քանի դեռ նման պատասխանատու ոլորտների վերահսկողությունն իրականացվում է ոչ սրտացավ եւ ոչ պրոֆեսիոնալ չինովնիկների կողմից, ոլորտներում առկա խնդիրները չեն կարգավորվի, եթե իհարկե չլինի վերադասների խիստ հանձնարարական:
Հ.Գ.
Ցանկանում ենք տեղեկացնել նաեւ, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի թեթեւ ձեռքով օգոստոսի 6-ին առաքված գրությունը ստացել ենք միայն օգոստոսի 12-ին»:




























