Հանրապետական կուսակցության գրասենյակում այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 20.00-ին, մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի նիստը, որին մասնակցելու համար կուսակցության գրասենյակ է ժամանել կուսակցական էլիտան։
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր կքննարկեն Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում թեկնածություն առաջադրելու հարցը։ Նա շեշտեց, որ ազատ մրցակցության կողմնակից են եւ ողջունում են բոլոր առաջադրումները։
Ի դեպ, ՀՀԿ նիստն անցնում է խաղաղ, ի տարբերություն նախորդ նիստերի, այս անգամ ցուցարարներ չկան։
Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: Պատգամավորի թեկնածուների առաջադրումը սկսվել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ 15-ը, ժամը 18.00-ն: Գրանցումը կկատարվի օգոստոսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզչությունը կիրականացվի սեպտեմբերի 1-ից 27-ը: Թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում թեկնածու առաջադրելու մասին հայտնել է ՀՀԿ-ն, կուսակցությունը որոշել է այնտեղ առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին: ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ ամենայն հավանականությամբ, թեկնածու կառաջադրեն, սակայն այդ հարցը կքննարկեն օրերս: Իսկ ԲՀԿ-ն, մեր տեղեկություններով, թեկնածու չի առաջադրելու:




























