Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ապագան այսօր գրվում է Ռուսաստանում: Այս մասին ասվում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարության մեջ՝ նվիրված Աբխազիայում պատերազմի սկզբի 21-րդ տարելիցին:

«Սիրելիներս, այդ պատերազմը չի սկսվել վրացիների ու աբխազների միջեւ, այդ պատերազմը մեր ժողովրդի վզին փաթաթել են, հետեւաբար մենք՝ վրացիներն ու աբխազները, միասին կհաղթենք: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ապագան այսօր գրվում է Ռուսաստանում: Այդ երկիրն այսօր էլ խաղում է սահմանների հետ եւ փշալարերով փորձում է ընդլայնել իր կողմից օկուպացված տարածքները, սակայն ես վստահ եմ, որ այդ ամենը ժամանակավոր է, եւ ամեն բան կփոխվի: Նրանք մոռանում են մի պարզ ճշմարտություն. ինչպես ցերեկին հաջորդում է գիշերը, այնպես էլ օկուպացիային հաջորդում է ազատագրումը:

Իմ աբխազ եղբայրներ, քույրեր ու մայրեր, վրացիներն ու աբխազները գնալու տեղ չունեն, սա մեր ընդհանուր հողն է եւ այսօր, երբ մենք հիշում ենք մեր երկրի նորագույն պատմության այդ ծանր օրը, ամենից շատ ուզում եմ հույս ունենալ, որ մենք կրկին միասին ենք լինելու: Մեր ժողովուրդները ընդհանուր ապագա ունեն»,-ասված է Սահակաշվիլիի հայտարարության մեջ, հաղորդում է «Գռուզիա Online»-ը: