Թիվ 38 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար իր փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել անկուսակցական Պավլիկ Սարգսյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պավլիկ Սարգսյանը: Նա նշեց, որ ցավեր ունի աճուկային շրջանում, երիկամի հատվածում, դեռ չգիտի` հիվանդանոց կտեղափոխվի, թե՝ ոչ:
Պավլիկ Սարգսյանը, ում թեկնածությունն ընտրագրավը չվճարելու համար ԿԸՀ-ն չէր գրանցել դեռեւս նախագահական ընտրություններին, այս անգամ եւս չի կարողանալու վճարել ընտրագրավը: «Ընտրագրավը վճարելու հնարավորություն չունեմ: Ընտրագրավը հակասահմանադրական է, եթե այդպես է, ես ունեզուրկ եմ, թող Կառավարությունը ինձ վճարի այդ ընտրագրավը իր պահուստային ֆոնդից, ոնց որ Հայրիկյանին հատկացրեց, չգիտեմ իրենք ոնց դա ձեւակերպեցին, ես դա գործարք եմ համարում»,- ասաց Պավլիկ Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ իշխանությունները կլուծեն ընտրագրավի հարցը եւ ինքը հնարավորություն կունենա առաջադրել թեկնածությունը:
Նա այլեւս չկարողացավ պատասխանել մեր հարցերին, քանի որ իրեն լավ չէր զգում:
Նշենք, որ այդ ընտրատարածքում թեկնածու առաջադրելու մասին հայտնել է ՀՀԿ-ն, կուսակցությունը որոշել է այնտեղ առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին: ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, թեկնածու չեն առաջադրի, մինչ այժմ ոչ մի հայտարարություն չի եղել: Երեկ այդ ընտրատարածքում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար իր փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել անկուսակցական Պավլիկ Սարգսյանը
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: Պատգամավորի թեկնածուների առաջադրումը սկսվել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ 15-ը, ժամը 18.00-ն: Գրանցումը կկատարվի օգոստոսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզչությունը կիրականացվի սեպտեմբերի 1-ից 27-ը: Թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է:




























