Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում բուֆերների կարիք չկա: Նա «Ամերիկայի ձայնի» թղթակցին հայտնել է, որ այն պատրանքը, թե Աբխազիան Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բուֆերի դեր է կատարում, պետք է դադարի գոյություն ունենալ:
«Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու համար մեզ բուֆերներ հարկավոր չեն: Մենք բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք եղել եւ դա պետք է անպայման վերականգնել: Ինչ վերաբերում է աբխազների հետ հարաբերությունները կարգավորելուն, ապա դա պետք է կյանքի կոչել միայն խաղաղ ճանապարհով: Ոչ մի դեպքում, անգամ զրուցելիս, չպետք է հիշատակել ուժային լուծման հնարավորության մասին: Դրա համար պետք է կառուցենք իրավական, ժողովրդավարական եւ տնտեսապես ուժեղ պետություն»,-ընդգծել է Բիձինա Իվանիշվիլին, փոխանցում է Գրուզիա Online-ը:



























