Այսօր, ցավոք սրտի, ՀՀԿ-ն չունի հայ ազգին ներկայացնելու մի բան, որ ասի՝ «այ սա մենք արեցինք»: Այս մասին, այսօր` օգոստոսի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ ինչին իշխանությունները ձեռք տվեցին, ավիրեցին: «Սկսած աղքատությունից, ավարտած գործարաններով՝ հսկայական պարտքեր կուտակելով: Հլը մի հատ հարցրեք. «Մեր ոսկին ո՞ւր ա, մոլիբդենն ո՞ւր ա, ո՞ր շան փորն ա գնում, ո՞վ ա լափում»: «Առաջ Հայաստանը» սրընթաց հետ գնաց, «Ապահով Հայաստանից» ճամպրուկներով փախչում են: Մի հատ կանգնեցրեք, ասեք. «Ո՞ւր եք գնում «ապահով Հայաստանից»: Այնպես որ, պետք է երրորդ ուժ ստեղծվի իշխանության ներսում, բայց կարծում եմ, որ դրան չի հասնի»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը եւ ավելացրեց, որ եթե մինչեւ այդ ՀՀԿ-ն մնա՝ պետությունը կկորցնի:

Նա իր ընդդիմադիր ընկերներին առաջարկեց, որ ստորագրությամբ խոստանան, որ իշխանափոխությունից հետո իրենք պաշտոնի չեն գնա, միայն թե այս իշխանությունները հեռանան: «Ես սատանայի, նույնիսկ Լյուցիֆերի հետ կհամագործակցեմ, միայն սրանք հելնեն գնան»,- ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ աշնանը հիասթափություններ չեն լինի:

Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ չի կարելի ամեն ինչին հոռետեսորեն նայել, լավը չտեսնել: «Ով է գալու, ով է նախագահելու: Ի՞նչ է, հրեշտակնե՞ր են գալու: Այսօր երիտասարդությունը եկել է այն համոզման, որ ինքը ուժ է եւ կարող է հարց լուծել: Դա առաջընթաց չէ՞»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Գուրգեն Եղիազարյանն էլ արձագանքեց, թե այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ երիտասարդությունը փողոց է դուրս եկել:

Ինչ վերաբերում է նոր ուժի ստեղծմանը, Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր այն կուսակցությունների հետ, որոնք մտահոգված են այս երկրի ապագայով ու զարգացմամբ: Նա միաժամանակ կարծում է, որ նոր ուժի ձեւավորման անհրաժեշտություն չկա: