Հայաստանում իշխանափոխությունից հետո հրեշտակներին կբերենք Սուրբ Սարգիս եկեղեցի, խաչը կտանք ձեռքը, բայց գոնե մի բանի համար, որ մարդը լինի հոգեւոր: Այս մասին, այսօր` օգոստոսի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ արձագանքեց. «Է, մի քանիսի ձեռքը տվել ենք, տեսա՞ք ինչ եղավ: Անունները չեմ ուզում տալ, բայց էն գլխից  մի քանիսի ձեռքը խաչը տվել ենք, արդյունքն էլ սա է»:

Գուրգեն Եղիազարյանը նաեւ նշեց, որ հիմա էլ վարչապետի պաշտոնը տվել են Տիգրան Սարգսյանի ձեռքը եւ ձեռքից չեն կարողանում վերցնել: «Հիմա ի՞նչ անենք, որ էս Տիգրան Սարգսյանից պրծնենք: Հիմա էս մարդը տնտեսության հերն անիծել ա, մաման լացացրել ա ու ամբողջ օրը ժպիտով ման ա գալիս, կիթառ ա նվագում: Հենց սրա ձեռքը կիթառ տեսա, մի հին անեկդոտ հիշեցի: Հայրը տղայի օրագիրը թերթելով տեսնում է, որ բոլորը երկուս են, իսկ երգեցողությունը՝ հինգ: Դնում է լավ սատկացնում է: Մայրը հարցնում է, ինչ ես անում: Ասում է, թե էս շան տղեն էսքանից հետո երգում ա գոնե կուզեկուզ ման գա»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը եւ ավելացրեց, որ ինչ չափի տնտեսագետ է,  այնպես էլ երգում է:

 Լեռնիկ Ալեքսանյանը սակայն կարծում է, որ Տիգրան Սարգսյանը շատ գրագետ է: «Հիմա ավելի լավ չէ՞ր, մի հատ ախմախ լիներ, երկիրն էլ 70 տոկոսանոց տնտեսական աճ ունենար»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Ի դեպ, Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ  աշնանն ընդդիմությունը Ազատության հրապարակ է դուրս գալու, իսկ Սյունիքում թեկնածու ընդդիմությունը չի առաջադրում, քանի որ համակենտրոնացման ճամբարում թեկնածու առաջադրելն անիմաստ է: