Եկեղեցու հետ կապված խնդիրները սպառնում են ազգային անվտանգությանը: Այս մասին օգոստոսի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գուրգեն Սիմոնյանը:

«Մենք անհանգստացած ենք Հայ առաքելական եկեղեցում տիրող իրավիճակով: Եկեղեցին համարվում է բացառիկ կառույց, որը միավորում է հայ ժողովրդին: Իր գոյությամբ հայ եկեղեցին ապահովում է ժողովրդի հոգեւոր անվտանգությունը»,-ընդգծել է Սիմոնյանը: Նրա համոզմամբ, ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակը հրապարակելով՝ ուղղակի հարված է հասցվել ազգային անվտանգությանը:

Մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը՝ «Լոռեցիների միություն» ՀԿ-ի նախագահ Մենուա Բրուտյանը, հայտարարել է. «Մենք չենք փորձում մեղավորներ գտնել եւ ոչ ոքի չենք քննադատում, սակայն այն, որ անձնական նամակը հասանելի դարձել հանրությանը, եկեղեցու միասնականությանը չի նպաստում»:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի թեմի առաջնորդ Նուրհան Սրբազանը Գարեգին Երկրորդին ուղղված քննադատական նամակով է հանդես եկել: Նամակում նա իր անհամաձայնությունն է արտահայտել նրա վարած քաղաքականությանը, մասնավորապես, Ֆրանսիական թեմի առաջնորդին իր պաշտոնից հեռացնելու հետ: