Երեւանում անշարժ գույքը եւ դրան հարակից տարածքները բարեկարգելու համար տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 96 կազմակերպություն պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի շնորհակալագրով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով կազմակերպությունների ներկայացուցիչներին մայրաքաղաքի նկատմամբ սրտացավ եւ հոգատար վերաբերմունքի համար՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը ավանդական է դառնալու:
«Վարչական շրջաններ կատարած այցերի ընթացքում քաղաքապետի աչքից չվրիպեցին այն կազմակերպությունների տարածքները, որոնք, անկախ գործունեության տեսակից, բարեխղճորեն պահպանում են պարտադիր բարեկարգման նորմերը: Շնորհակալագրերի արժանացած կազմակերպությունների ցանկում են նաեւ պետական կառույցներ: Սա արդեն ավանդական դարձած միջոցառում է, որի նպատակը յուրաքանչյուրիս թեկուզ փոքր ներդրումով Երեւանը ավելի բարեկարգ դարձնելն է»,-նշել է Արայիկ Քոթանջյանն ու հույս հայտնել, որ օրինակները վարակիչ կդառնան այլ օբյեկտների համար:
Նշենք, որ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կողմից իրականացվող ամենօրյա հետեւողական աշխատանքի շնորհիվ արդեն ավելի քան 4000 օբյեկտների հարակից տարածքներ բարեկարգվել ու կանչապատվել են, շուրջ 500-ում էլ համապատասխան աշխատանքներ են ընթանում:





























