Ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի հարազատները հավաքվել են ԱԳՆ շենքի մոտ եւ նախարար Էդուարդ նալբանդյանի հետ հանդիպում են պահանջում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Արման Ինջիղուլյանը:

Նա տեղեկացրեց, որ մինչեւ այդ հարազատներով հավաքվել են Կարմիր Խաչի  միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի մոտ, սակայն այնտեղ ոչ մի հստակ պատասխան չեն տվել՝ առաջարկելով սպասել: «Հիմա եկել ենք ԱԳՆ-ի մոտ: Ցանկանում ենք, որ Էդուարդ Նալբանդյանն էլ միջամտի: Ցանկանում ենք կոնկրետ նախարարի հետ հանդիպենք, որ միջամտի այդ հարցին: Վերջիվերջո արտաքին գործերի նախարարություն ինչի համար է կոչվում, եթե արտաքին երկրների հետ ինչ-որ հարց չի կարող լուծել»,- ավելացրեց գերեվարված զինծառայողի եղբայրը:

Նշենք, որ այս անգամ Հակոբի մայրը չէր եկել, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չէ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը Ոսկեվազ գյուղի բնակիչ է եւ մինչեւ ծառայության մեկնելը սովորել է Ճեմարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով, ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, սոցիալապես անապահով են, իսկ Հակոբը ընտանիքի մեծ որդին է: Նա ծառայում էր Ասկերանի շրջանի զորամասերից մեկում: Իսկ մոլորվել եւ սահմանը պատահաբար հատել էր, երբ գնացել էր ջուր բերելու: